ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ողջ քաղաքական դաշտը սպասում էր, թե հերթական հանրահավաքին Գագիկ Ծառուկյանի «կատարմամբ» կհնչի դարի ելույթը, շատ հարցեր իրենց պատասխանները կստանան: Որպես իշխանության ներկայացուցիչ, Դուք նրա ելույթից ի՞նչ հասկացաք. ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն դարձավ, թե՞ հին «տաշտակին» մնաց` այլընտրանք:
-Որոշակի պահանջներ հնչեցին այդ հանրահավաքում, որոնք սպասելի էին: Հետագա գործողություններից պարզ կդառնա ամեն ինչ: Մի քիչ կոշտացվեց ԲՀԿ-ի դիրքորոշումը` դեպի ընդդիմություն անցում կատարելով: Բայց այս անցումն էլ միանշանակ չէ: Դեպի ընդդիմություն մեկ քայլ արեց, բայց այդպիսին դառնալու համար նախ իրենք պետք է այդ մասին հայտարարեն: Անձամբ ես այսօրվա դրությամբ այնքան էլ ընդդիմություն չեմ համարում ԲՀԿ-ն:
-Ձեզ համար տարակուսելի չէ՞, որ Հայաստանի թիվ 1 օլիգարխը կարող է ընդդիմություն լինել:
-Օլիգարխը նա է, որ նաև իշխանական լծակներ ունի: Գագիկ Ծառուկյանը մեծահարուստ է:
-Նա նաև Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, իսկ ոչ վաղ անցյալում իշխանական բուրգի «սյուներից» մեկն էր (դեռ մեծ հարց է՝ այդ բուրգից նա երբևէ հեռացե՞լ է, թե՞ ոչ):
-Այսօր իշխանության հետ նրա միակ կապը մնացել է այդ կարգավիճակը, հենց դրա համար էլ լիարժեք ընդդիմություն դառնալու մասին չի հայտարարում: Տարբեր երկրներում կան մեծահարուստներ, ովքեր ընդդիմություն են, մեզանում էլ դա չի բացառվում: Բայց սա ընդամենը տեսական առումով: Հարց է նաև՝ այդ կուսակցության մեջ եղած մեծահարուստները կարո՞ղ են ընդդիմություն լինել:
-Իշխանության համար եռյակը մե՞կ միավոր է, թե՞ Դուք էլ եք թերահավատ այդ համագործակցության արդյունավետության առումով:
-Կարծում եմ, այնտեղ մեկ ընդհանուր ուժ չկա: Ավելին, եռյակի ապագան շատ աղոտ է, քանի որ տարբեր հայացքների տեր մարդիկ են այնտեղ հավաքված: Երեքից երկուսը արտաքին քաղաքականության առումով լիովին այլ կարծիք ունեն, երրորդը` այլ: Այդ իրողությունը նրանք հարթակում ավելի շեշտված արտահայտեցին, քան մամուլով են ասում: Այսինքն, այն սյունը, որի շուրջ պետք է իշխանափոխություն իրականացվի և նոր կուռ իշխանություն ձևավորվի, ես չեմ տեսնում:
-Իշխանության համար, կարծում եմ, ցանկալի է նման ընդդիմություն ունենալը։ Ընդդիմություն, որի խոսքը գործ չի դառնում:
-Իշխանության համար ցանկալի է այն ընդդիմությունը, որն օբյեկտիվ է գնահատում իրավիճակը: Այն իշխանությունը, որը բարեփոխումների է ձգտում, ցանկանում է ունենալ օբյեկտիվ, կուռ ընդդիմություն, որը կօգնի նաև իշխանությանը, կօգնի ինքնամաքրվել: Հարկավոր է այնպիսի ընդդիմություն, որը խնդիրները հստակ ձևակերպում է և գնում է դրանց լուծման ճանապարհով: Այդպիսի ընդդիմությունն է բարեփոխում իրականացնող իշխանության համար միայն ձեռնտու: Իսկ այս դեպքում, երբ ընդդիմությունը տարբեր հայացքներ, խնդիրներ, տարաձայնություններ ունի, և միայն միասնական են իշխանափոխության հարցում, չեմ կարծում, թե ինչ-որ հարցում կարողանա օգնել իշխանությանը:
-Հստակեցնենք. նոր շարժման նպատակն արագ իշխանափոխությո՞ւնն է, աթոռների համար կռի՞վը, թե՞ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելը:
-Այդ բոլորն իրարից այնքան էլ հեռու չեն: Հայաստանում բոլոր ընտրություններում խոսվում է միայն վերնախավի փոփոխության մասին: 90-ականներից իշխանության և ընդդիմության հիմնական մասը ինչ-որ ժամանակ եղել է թե մեկը, թե մյուսը: Եվ այս համատեքստում խոսել իշխանափոխության մասին, մեղմ ասած, ճիշտ չէ, քանի որ էլի նույն մարդիկ են: Այսօր, վաղը, թե մյուս օրը հարթակում կանգնած են նույն մարդիկ, որոնք ժամանակին իշխանություն ունեցել են: Չպետք է նաև անհատներով որոշել, թե այսօր նախագահը փոխվեց, ուրեմն իշխանափոխություն եղավ: Այնպես որ, 90-ականներից մեզանում արմատական փոփոխություններ չեն եղել, պարզապես ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքում ձևավորվել է ընդդիմություն, որը կրկին ցանկացել է իշխանության գալ: Ընդդիմությունը, որ արմատական փոփոխություններ է ցանկանում, պետք է լուրջ ծրագրեր ունենա, լոկ քաղաքական որոշումներով իշխանափոխություն չեն իրականացնում: Իրավական փոփոխություն պիտի լինի, որն արտահայտվում է օրենքներով, Սահմանադրությամբ: Այսօրվա ընդդիմության մեջ լուրջ բարեփոխումների ձգտում չեմ տեսնում:
-Այսօրվա հարթակում կանգնած ընդդիմադիրների մեջ, որ, ինչպես նշում եք, երեկվա իշխանության ներկայացուցիչներն են, ապագա նախագահի թեկնածու տեսնո՞ւմ եք:
-Ապագա նախագահի թեկնածու շատերը կարող են լինել, որոնք հասարակության մեջ ունեն վարկանիշ, սատարող ուժեր: Այստեղ խնդիրն անհատը չէ, այլ նրա դիրքը հասարակության մեջ: Հնարավոր է, մեկ-երկու տարի հետո ի հայտ գա այնպիսի մեկը, որը շատ ավելի լավ թեկնածու կլինի, քան այսօր հարթակում կանգնածները:
Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ